...Փաստորեն

"Փաստորեն" խորագիրի ներքո Ձեզ ենք ներկայացնում լրագրող ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆԻ սուր, երբեմն հատու և "կծող", բայց ճշմարտացի և գեղագիտությամբ համեմված հոդվածները: Շնորհակալություն ենք հայտնում նրան բլոգի հետ համագործակցելու համար:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՔՍԱՆԱՄՅԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽԱՅՏԱՊԱՏԿԵՐԸ Այլազան իրադարձային միջոցառումներով մինչ տարեվերջ ափեափ կհեղեղվեն առկա բոլոր պետական, հասարակական, մշակութային մեծ ու փոքր կառույցները: Հայաստանի երրորդ հանրապետության 20-րդ տարեդարձի հանդիսանքային նշանավորման միտումով ՀՀ նախագահն ու նրա տիկինը «արքայական» գանձանակից շռայլ հատկացումներ էին արել: “Տեղական նշանակության” բազմանշանակ շրջայցերով ջանացել էին հատկապես աշնանամուտին բորբոքել հանրային խանդավառությունը: Համաժողովրդական կենսախինդ տոնախմբության բազմերանգությամբ լրջորեն մտահոգված`ուղղորդել էին “մեկենասական” հզոր ներդրումները: Մոբիլիզացվել էր կատարողական պատկառելի ներուժ: Պարարտ հող էր նախապատրաստվել անկախահրավառությանը մեծաշուք մասշտաբայնություն ապահովելու համար: Հոբելյանական սեպտեմբերն օրեցօր խորացնում էր “կարմիր անցյալի” զանգվածային տոնակատարությունների անթեղված զգացողությունները: Պատմական հանրաքվեի հռչակած անկախության ծննդյան օրվա` սեպտեմբերի 21-ի գլխավոր տոնահանդեսի աննախադեպ ծիածանափայլն այլևս կասկածից վեր էր: (Աշխարհի տարբեր անկյուններից հրավիրված մեծամեծերն ու նրանց շքախմբերը, հաստատ, նորից ու կրկին, շենշող տպավորություններ կտանեն շռայլորեն հյուրընկալ ու բազմաշնորհ հայերից և Հայաստանից:) “Արքայական” երաժշտաընծաներ Քսանամյա մեր բազմաբարդ գոյատևման տոնահանդերձ իմաստավորման տեսակետից անգերազանցելի էին “արքայական” դասական “երաժշտաընծաները”: Մեծահամբավ անհատ կատարողների (Էշլի Վոս, Փոլ Մայեր, Դիմուտ Պոպեն, Դայշին Կաշիմոտո, Կոնստանտին Լիֆշից և ուրիշներ) ու հանրաճանաչ երաժշտախմբերի “արքայական” համանվագում աննախադեպ էր “Գյուլբենկյան” նվագախմբի (Պորտուգալիա) նորահայտ գրավչությունը: Գալուստ Գյուլբենկյանի անունը միջազգային հեղինակավոր համերգասրահներում զրնգացրած բարձրակարգ այս երաժշտախումբն առաջին անգամ էր ամբողջ կազմով ներկայանում հայաստանցի արվեստասերներին: “Արքայական” այս ընծան արժևորելու պատրաստակամությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում մեկտեղված ԶԼՄ-ների “պատվիրակների” ստվար խումբը, հայտարարված ասուլիսի մեկնարկին 40 րոպեից ավելի տաղտկալի սպասումից հոգնած, գրեթե իսպառ կորցրեց հումորի զգացումը: Դատապարտելով ավագների լուռ համակերպումը լրագրողների նկատմամբ հաճախ դրսևորվող անհարգալից վերաբերմունքի տարատեսակ հին ու նոր ցայտումներին` երիտասարդներից ոմանք արժանապատվության ընդվզումով հեռացան: Մյուսները գերադասեցին լռելյայն ներկա գտնվել մամլո սրահում “Գալուստ Գյուլբենկյան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկու անդամների հետ հավուր պատշաճի մի կերպ կայացրած կցկտուր զրույցի տիրույթում. ոչ մեծարգո երաժշտախմբում այժմ ընդգրկված երեք հայ երաժիշտներից որևէ մեկը կար, ոչ արդի կատարողական արվեստի համաստեղության ամենապայծառ երկու աստղերից /Օլլի Մուսթոնեն – դաշնամուր, Արաբելլա Շտայնբախեր –ջութակ/ գեթ մեկը, ոչ էլ 2002-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը սահուն առաջնորդող, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հավասարապես հռչակված Լոուրենս Ֆոսթերը: ԲԵԹՀՈՎԵՆԻՆ ՈՒ ԲՐԱՄՍԻՆ ՈՒՆԿՆԴՐԵԼԻՍ Անկեղծորեն մտազբաղ բարձրակարգ երաժիշտներով աշխարհի որևէ նվագախմբի չզիջող մեր ֆիլհարմոնիկի պատշաճ հարատևությամբ` սեփական նախաձեռնությամբ փորձում եմ պարզել “Գյուլբենկյան”-ի ստեղծագործական կենսունակության գաղտնիքները: Համադրման ինքնաբուխ խթանը “Արամ Խաչատրյան” համերգասրահում Երևանյան երկու միջազգային երաժշտական փառատոների “ակամա” միահյուսումն էր: Համերգային առաջին իսկ ելույթներով ներշնչված`անզեն աչքով որսում եմ երկու երաժշտախմբերի կենսապայմանների բևեռային տարբերությունը: Բեթհովենի ու Բրամսի նրանց մեկնաբանությունները, անշուշտ, տարբեր էին, բայց կատարման վարպետությունը դժվար էր տարբերակել: Մերօրյա երաժշտական անցուդարձին լավատեղյակ` ափսոսանքով նկատում եմ անկախության տարիներին բարձրարվեստ արարման ասպարեզում մեր կրած կորուստների իրական կշիռը, խոնարհումով գնահատում հայաստանցի բոլոր արվեստագետների խենթ նվիրումն առհասարակ: Փառաբանված անվանիների երջանիկ երաժշտաընտանիքում ներգրավված թավջութակահարներ Վարուժան Բարթիկյանի ու Լևոն Մուրադյանի, ալտահարների կոնցերտմայստեր Սամվել Բարսեղյանի հետ ունեցածս կարճառոտ հարցուփորձում գտնում շարունակվող հոգեվարքից մոտալուտ ազատագրման պարզ հնարքները: Համոզված եմ, որ դրանք մեզանում միանգամայն հնարավոր կլինի արդյունավետ կենսագործել, եթե իհարկե շուտափույթ մաքրենք մշակութային դաշտը անարգել նվաճած տարատեսակ “թայֆայական” որոմներից: ՄԵԿԵՆԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ Աշխարհում ամենուր է ժամանցայինը խոշոր եկամուտներ ապահովում, բայց հանրության միտքն ու հոգին բարեկրթվում է միմիայն մշակութային բարձր արժեքներով: Դասական արվեստը երբևէ շահութաբեր չի եղել, բայց մարդկանց գիտակցական ու բարոյական ընդհանուր նկարագրի մաքրագործման տեսակետից անվերապահորեն խրախուսվել է ու պահպանվել որպես երկրի, ժողովրդի անվտանգ միասնության անփոխարինելի հիմնասյուն, երաշխիք: Ազնվատոհմ Ռշտունիներից սերող Գալուստ Սարգիս Գյուլբենկյանը (Վարդ Պատրիկի թուրքերեն թարգմ.`”կյուլ պենկ”), ում մարդկային նկարագրի վրա բեկումնային ներգործություն է ունեցել Ալեքսանդր Մանթաշյանցը, ի տարբերություն արդի հայ օլիգարխների, վաստակել է իր նախանձելի հարստությունը խելամիտ աշխատասիրությամբ: Հանքաբան-նավթագետը, ով յոթ-ութ լեզու գիտեր, խորին ակնածանքով էր ուսումնասիրում հանուր մարդկության հոգևոր-մշակութային ժառանգությունը: Իր վերջին հանգրվան Լիսաբոնում տասներեք տարի ապրել է “Ավիս” հյուրանոցում, չի էլ երազել շքեղ, պարսպապատ առանձատներ կառուցելու մասին: Ճիշտ է, անտարբեր չի եղել գեղեցիկ սեռի նկատմամբ, բայց զեխ կյանքի չի ձգտել: Իրեն “երես է տվել” արվեստի գլուխգործոցներով ու գիտական երկերով /վեց հազար բացառիկ նմուշներ է ամփոփում նրա հավաքածուով ձևավորված թանգարանը/: Բարեգործության մասին էլ մանթաշյանական պատկերացում է ունեցել ու մշտապես զբաղվել է անցյալ դարասկզբից` չնվազեցնելով հարստությունը, ընդլայնելով մարդասիրական ու ազգապահպանման գործունեության ընդգրկման շրջանակները: Քանի որ որդին` Նուբար Սարգիսը սեփական զվարճությունների վրա էր գերադասում ծախսել իր փողերը, “Պարոն Հինգ տոկոսը” նախընտրում է մի կլորիկ գումար կտակել իրենից հետո տարվող բարեգործական աշխատանքների անխափան վարույթի համար: Աշխարհահռչակ նավթային մագնատ ու բարեկիրթ մեկենաս մեր հայրենակցից “ժառանգած” 300 մլն անգլիական ոսկու խորագետ շրջանառությամբ նրա ծավալած կրթամշակութային և մարդասիրական լայն գործունեությունը կես դարից ավելի բարեհաջող զարգացնող “Գալուստ Գյուլբենկյան” հիմնադրամի ընձեռած հնարավորություններով 1962-ից ի վեր լիարժեք ստեղծագործում են թե 12 տարբեր ազգերի ներկայացուցիչներից ձևավորված նվագախումբը (80 երաժիշտ), թե երգչախումբը (100 երգիչ): Միջազգային մրցույթով ընտրված անհատ կատարողներն ու խմբավարները իրենց արվեստը կատարելագործելու և հանրաճանաչելու բացառիկ բախտավորություն ունեն. սեփական մեծ համերգասրահում առանձին ու համատեղ կանոնավոր փորձեր ու ելույթներ, տարաբնույթ ցայտուն անհատականությունների ներգրավմամբ կյանքի կոչվող նորաոճ ու թանկարժեք մտահղացումներ, հյուրախաղային տևական շրջագայություններ, լավագույն ընկերությունների համագործակցությամբ թողարկվող բազմաժանր ձայնասկավառակներ…Միով բանիվ, երաժիշտներն ապրում են ստեղծագործական լիափթիթ առօրյայով, զերծ “մեծապատիվ մուրացկանության” բարդույթներից, նախօրոք ուրվագծված հեռանկարային գեղարվեստական ծրագրով, համակարգված աշխատանքային ռեժիմով: Հենց այսպիսի գոյաձևի են կարոտ հայաստանցի արվեստագետները, հատկապես “կոլեկտիվիստները”:
"ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵ՞ՆՔ ԵՆՔ..." «Գյուլբենկյան» նվագախմբի երկրորդ համերգը նախագահական տոնական ընդունելության շրջանակներում ունկնդրելու էին հազարավոր մտավորականներ: Ենթադրվում էր մի հրաշալի երեկո անցկացնել Օպերայինի հարկի ներքո: Ըստ կանոնակարգի 45 րոպե շուտ ներկայանալով`թատրոնի շքամուտքերի եռագույն ծաղկեշղթաների, երրորդ հանրապետության խորհրդանիշերն հանրահռչակող հուշանվերների ու ճեմասրահում ցուցադրվող տեսանյութի հարուցած տոնական տրամադրությամբ մտնում եմ դահլիճ: Հանդիսության կազմակերպիչների (մտահղացումը` Արման Ծատուրյանի) տեսիլքով` մեր պետական դրոշի երեք գույները յուրովի իմաստավորվել էին. կարմիրը` անցյալը, կապույտը` ներկան, դեղինը` ապագան: Դրանց խորհուրդը շեշտադրում էին եռագույն տոնական շապիկներ կրող երիտասարդները, որոնց անկախական նվաճումների մասին տևականորեն ծանուցվում էր ներկաներին հաշվետվություն-ձայնագրությամբ: Նախագահական ուղերձից ու շնորհած ընծաների հանձնման արարողությունից հետո երբ որպես նախաբան «Անկախության մշակույթի քսան տարին` հայացք ներսից» (ռեժիսոր` Վահե Յան) տեսաֆիլմի նորօրյա աստղափայլ երգիչ-երգչուհիների կատարմամբ հեռարձակվեց «Ես իմ անուշ Հայաստանին», շատերը տրտմեցին օտարոտի մատուցումից հանրածանոթ սիրելի երգի: Տրտմությունը սկսեց թանձրանալ, երբ էկրանին հայտնվեցին մշակութային ամենաթողության ցցուն վկա-կադրերը: Եվ երբ էկրանային միջնորմը վերջապես վեր բարձրացվեց ու բեմում երևացին «Գյուլբենկյանցիները», կարծես թթվածնի թարմ ներարկում ստացավ լեփ-լեցուն հանդիսասրահը: Նախորդ օրվա համերգով տպավորված` ակնկալում էի նոր գունեղ երաժշտալիցքեր ստանալ հատկապես Բրամսի ջութակի կոնցերտից Արաբելլա Շտայնբախերի նորահունչ մեկնաբանությամբ: Հոգնաբեկ հանդիսասրահն ակնհայտորեն չէր խանդավառում միջազգային բեմը զարդարող երաժշտին: Սովորական էր թվում Ստրադիվարիուսի «Բութ» (1716թ.) ջութակի հնչողությունը: Ժլատ ծափերով, առանց գեթ մի ծաղիկ ստանալու երբ Շտայնբախերը հեռացավ բեմահարթակից, թվաց, թե երեկոն ավարտվել է: Շատերը նույնիսկ չցանկացան կրկին իջեցված էկրանին ցուցադրվող անկախական երաժշտական առօրյայի ուշագրավ դրվագների հուշը վերստին կենդանացնել: Հանդիսասրահում մարդկային փոքրիկ «օազիսներ» էին միայն մնացել, երբ պարզվեց, որ համերգային ծրագիրը շարունակվելու է: Կանխազգալով նախագահական ընդունելության վերջնահանդեսի ձախողումը` մշակույթի նախարարը հաջողել էր հեռացողների փոքրաթիվ մասին վերադարձնել դահլիճ: Լոուրենս Ֆոսթերի անզուգական վարույթով անթերի հնչեց Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիան: Ավելին, համբերության բարեհոգի կոչ անելով, անդերսենյան հեքիաթասացի խառնվածքով նախորդ ելույթի ունկնդիրների համակրանքը վաստակած դիրիժորը հայաստանցիներին ազգային սնապարծության նոր խթան տվեց`Վեբերի «Ռոնդո»-ով հայրենակիցների առջև հանդես գալու առիթ ընձեռելով ալտահար Սամվել Բարսեղյանին, ինչպես նախորդիվ հայ թավջութակահարներին: Ամենահամբերատար հրավիրյալների համար անսպասելիորեն պարզվեց, որ երեկոն եզրափակելու մենաշնորհը վերապահված էր սեպտեմբերի 21-ին 20 տարին բոլորող երիտասարդների խմբին, որոնք միասին կատարեցին օրվա խորհրդով գրված յուրատիպ օրհներգը որպես Հայաստանի ապագայի երազկոտ ու նվիրյալ շինարարներ. «Հայաստանը ես եմ, դու ես...»: Նրանց իսկ հրավերով ամենատոկուն հրավիրյալները կեսգիշերից անց մասնակցեցին նախագահական ճոխ հյուրասիրությանը: Ազնվության գեթ մի նշույլ հոգում պահպանածները տունդարձին ակամա մտովի վանկարկում էին «Հայաստանը մե՞նք ենք»` ամոթահար մերօրյա մտավորականության խայտաբղետ անբարեկրթությունից: ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆ