23 дек. 2010 г.

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ Ու ՆՈՐ...-ից ապրեմ...

Վերջին ամիսների ամենահիշարժան իրադարձություններից մեկը իմ կյանքում կարճատև ուղևորությունն էր Արևմտյան Հայաստան: Փոքրաթիվ արշավականների /միաժամանակ լավ ընկերների/ մեր խենթ ու խելառ խմբով միացանք մեկ այլ թիմի և միասին անցկացրինք երկու անմոռանալի օրեր` լինելով նախ Ջավախքում, և ապա Արևմտյան Հայաստանի երկու կարևորագույն քաղաքներում, որոնք անշուշտ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է տեսնել` Կարսում և Անիում:
Բավականին երկար ճանապարհ գնալու փաստը, նախ Վրաստանի և ապա Թուրքիայի մաքսակետերում կորցրած անօգուտ ժամանակը, մեր մյուս թիմի փոքր-ինչ անվայելուչ պահելակերպը,- այս և այլ այսպես կոչված "խոչընդոտները" ոչ մի կերպ բացասականորեն չազդեցին մեզ վրա, ավելին` միահամուռ ուժերով "հաղթահարվեցին", քանզի ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ` լինել Էրգրում...
Երևանից ճամփա ընկանք գիշերը, կեսօրին մոտ արդեն Ջավախքում էինք` շատ հոգնած ու քնատ, բայց Պատմական Հայաստանի այդ գեղատեսիլ հրաշքը ամեն ինչ մոռացնել էր տալիս: Ջավախքում երկար չմնացինք, "ժամանակ չկար",- ասացին: Տեսանք միայն Խերթվիզ բերդը, որը մենք "հիմարաբար" կարծում էինք, թե Թմուկ բերդն է:
Ժամեր անց "հյուրընկալվեցինք" Թուրքիայում /Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում/: Սկզբում հիացանք Սուրբ Առաքելոց եկեղեցու ճարտարապետությամբ, որն ի դեպ Կարսի միակ պահպանված եկեղեցին է, բայց ցավոք, ծառայում է որպես մզկիթ: Հարևանությամբ գտնվում է Կարսի հայտնի ամրոց-բերդը, որի վերին հատվածում "հպարտորեն", կամ որ միևնույնն է` անամոթաբար ծածանվում էր Թուրքիայի "կրասնայա լունա" դրոշը: Բերդից քիչ հեռու երևում էր Գյումրի և Կարս քաղաքների բարեկամությունը հավերժացնող խորհրդանշական, կիսադեմով երկու մարդկանց տեսքով հուշարձանը, որն այդպես էլ մնացել էր անավարտ: Երկու մարդիկ հետագայում պետք է սեղմեին միմյանց ձեռքերը: Մեկնված էր միայն մեկի ձեռքը, մյուսինը չէր կառուցվել ու այդպես էլ մնացել էր անավարտ... Հետևություններ կարող եք անել ինքներդ...













Քիչ անց այցելեցինք այն թաղամաս, որտեղ գտնվում էր Եղիշե Չարենցի մանկության տունը: Թաղամասի բնակիչները, շատ նուրբ ասած, ոչ այնքան քաղաքակիրթ պահեցին իրենց, և մենք ստիպված եղանք բավարարվել մեծն պոետի ավիրված ու բացառապես ոչինչ չպահպանված տան կիսաքանդ պատերով հիանալ միայն մեքենայի ապակուց... Գիշերը մի քանի հոգով մենք նորից եկանք այստեղ, քանզի գիշերեցինք այդտեղից ոչ այնքան հեռու գտնվող "Քարվանսարա" իջևանատանը, որտեղից մեր հիշողության մեջ մնաց ազգությամբ քուրդ սպասավորի կողմից ավելի քան հաճախ պատրաստվող և մեզ պարբերաբար հյուրասիրվող հետաքրքիր համով ու բուրմունքով թեյը: Գիշերը երկար քայլեցինք Կարսի փողոցներում. մեզ բոլորիս մի անսովոր զգացում էր պարուրել, որն իր գագաթնակետին էր հասնելու առավոտյան, արդեն "Հազար ու մի եկեղեցիների քաղաք" Անիում, ասես այդ ամենը մերն էր և միաժամանակ մերը չէր...
Անին իր ավերակներով ՀՐԱՇՔ ԷՐ: Ես պատկերացնում եմ` եթե նման կարծիք կա ինձ մոտ, ապա ինչպիսին կլինեին նվաստիս տպավորությունները, եթե Անին տեսնեի ասենք ոչ թե ավերակ, այլ պահպանված վիճակում: Մայր տաճարը, Ամենափրկիչը, Կուսանաց եկեղեցին, Գագիկ թագավորի տաճարը և շատ այլ ֆանտաստիկ գեղեցիկ ու խորհրդավոր կառույցների ավերակներն ու քիչ թե շատ պահպանված պատերը պարզապես հիպնոսային զգացողություններ էին արթնացնում իմ մեջ: Ես մեկ այլ Հայաստանում էի, մեկ այլ իրականության մեջ...











Միակ բարկացնող հանգամանքն այն էր, որ եկեղեցիներին հարակից պաստառների վրա անգլերեն և թուրքերեն լեզուներով միանգամայն անամոթ կերպով բառիս բուն իմաստով խեղաթյուրված էր իրական պատմությունը, և ամեն ինչ վերագրվում էր թուրքերին, այսինքն ԻԲՐ մենք ուղղակի զբոսաշրջիկներ էինք, որ գնացել էինք ըմբոշխնելու հին թուրքական մի քաղաք, որն ունի դարերի պատմություն...
Նույն օրը երեկոյան մենք "հպարտության" և միևնույն ժամանակ ափսոսանքի ու ուտոպիստական խոհերով ու զգացողություններով բռնեցինք "ետդարձի" ճանապարհը դեպի Հայաստան...

Комментариев нет:

Отправить комментарий