15 янв. 2011 г.

Արվեստագետ և որ ամենակարևորն է` ՄԱՐԴ...

Դեկտեմբերյան մի ցրտաշունչ օր էր, որը ինչպես պարզվեց հետագայում միայն թվացյալ ցրտաշունչ էր, քանի որ երեկոն անցավ ավելի քան տաք և ջերմ մթնոլորտում: Երկու հանգամանքն արդեն իսկ բավական էին` երեկոյի տերը նկարիչ-երգահան Կարեն Գրիգորյանն էր, իսկ այդ օրվա նրա ստեղծագործական երեկոն անց էր կացվում Նարեկացի Արվեստի Միությունում:
Ես էսպիսի մի "բզիկ" ունեմ. եթե տվյալ օրը ՀՐԱՎԻՐՎԱԾ եմ ինչ-որ տեղ, ապա հնարավորության դեպում անպայման գնալու եմ, մանավանդ որ ՈւԶՈւՄ եմ գնալ:
Մի քանի ժամ անընդմեջ հանդիսատեսին հնարավորություն էր ընձեռված ևս մեկ անգամ ծանոթանալ Կարենի ստեղծագործություններին, ինչպես երաժշտական, ֆոտո, այնպես էլ այսպես կոչված, վիդեո նախագծերին:
Հայկական սովորության համաձայն, ես Նարեկացի կենտրոն մուտք գործեցի երեկոյի մեկնարկից տասը րոպե անց: Չնայած սովորաբար զերծ եմ բնավորության այդ գծից, ամեն դեպքում ուշացմանս պատճառը երեկոյան այդ ժամի խցանումներն էին, իսկ քանի որ ես ձեռնունայն չէի գնալու Կարենին շնորհավորելու, խցանումներն ավելի ակնառու դարձան, որովհետև Նարեկացի կենտրոն գնում էի արդեն հուշանվերների խանութ այցելելուց հետո միայն)))
Գնացի, հասա "հանդիպման վայր", դահլիճում արդեն մութ էր, էկրանին ցուցադրվում էր Կարեն Գրիգորյանի "Շագալ" ֆիլմը, որը, ինչպես գիտենք նվիրված է նկարիչ Մարկ Շագալի 120-ամյակին: Ֆիլմը նախկինում էլի դիտել էի, սակայն ևս մեկ անգամ հաճույքով ըմբոշխնեցի և զգացի նուրբ հոգու տեր արվեստագետ, տաղանդավոր Մարկ Շագալի "ներաշխարհը", որը հրաշալի կերպով ընկալել և մեզ ներկայացրել էր Կարենը:

Այնուհետև տեղի ունեցան մի քանի ելույթներ. www.AAD.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանը Կարենին պատվոգիր հանձնեց, եղան էլի մի շարք հիշարժան պարգևներ... Քիչ անց Կարենը, ով նաև այդ օրվա ինքնատիպ հանդիսավարն էր, որպես երեկոյի լիիրավ տանտեր, ներկաներիս հրավիրեց Նարեկացի Արվեստի Միության պատկերասրահ մի-մի թաս գինու ընկերակցությամբ վայելելու իր հեղինակած և պատկերասրահում ցուցադրված տարբեր տարիների աշխատանքները:
Այս ամենից հետո մեկնարկեց երեկույթի երաժշտական մասը, որի ընթացքում մենք սիրով ունկնդրում էինք նրա ստեղծագործություններից` շնորհալի երիտասարդ դաշնակահար Արեգ Միրզոյանի օգնությամբ: Այդ շարքից սիրով կառանձնացնեմ Կարենի հեղինակած "You are my kix" երգը, որը հանրության շրջանում ընդունվեց նաև երգչուհի Ջուսի կատարման շնորհիվ, ով էլ ի դեպ հրավիրյալների շարքում ուներ իր պատվավոր տեղը...
Երեկոն, ի ուրախություն ինձ /չնայած ես հենց դա էլ ակնկալում էի/ զերծ էր հայկական շոու-բիզնեսային "գլամուր" տրամադրություններից և քմահաճ երևույթներից...
Բրավո Կարեն, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ` լավագույն բարեմաղթանքներով և երաժշտական աշխարհում քեզ միշտ բարձունքներում տեսնելու ակնկալիքով...

1 комментарий:

  1. Հիանալի երեկո էր...
    Երգահանի հիանալի կազմակերպմամբ...
    Գեղեցիկ մարդկանցով...

    ОтветитьУдалить